Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալյոնջուն պլանավորել է այցելել Ադրբեջան: Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրները:
Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարի կարգավիճակով Քալյոնջուի առաջին ադրբեջանական այցը տեղի կունենա հունիսին: Ակնկալվում է, որ Քալյոնջուն մի շարք երկկողմանի հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանում:
Բացի այդ, նա Բաքվում կմասնակցի Եվրասիական իրավապահ կազմակերպության ստեղծման միջոցառմանը, որին մասնակցելու են նաև Եվրասիայի երկրների ժանդարմերիաների և ներքին զորքերի հրամանատարները:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե Ադրբեջան է այցելել Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարության գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Ֆիքրեթ Դեմիրթաշը:
Ի դեպ, դեռևս 1839 թվականին Օսմանյան կայսրությունում ստեղծված ժանդարմերիան ոստիկանական գործառույթներ է իրականացնում այն վայրերում, որոնցում ոստիկանությունը չի ծավալում իր գործունեությունը։ Սակայն 210,000-անոց անձնակազմ ունեցող ժանդարմերիան ենթարկվում է զինված ուժերին։







































