Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ղարաբաղի հետ շփման գծից իր զինվորներին տեղափոխում է Աֆղանստան՝ կակաչի դաշտերը հսկելու և տարածաշրջանում թմրանյութերի տարածման համար: Այս մասին հայտնել է գործակալության աղբյուրը, որը չի ցանկացել հայտնել իր անունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները վարում են թմրանյութերի տարածման խրախուսման լուրջ քաղաքականություն. «Աֆղանստանում գտնվող ադրբեջանցի զինվորականները կակաչի դաշտերի պաշտպանության հարցում համագործակցում են ԱՄՆ օկուպացիոն զորքերի հետ:
Ադրբեջանն իր զինվորների մի մասին հանել է Ղարաբաղի հետ շփման գծից և ուղարկել Աֆղանստան՝ կակաչի դաշտերը հսկելու համար, որոնք օկուպանտների հիմնական եկամտի աղբյուրն են»:
Իրանական գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս խոստովանությունն արվել է այն բանից հետո, երբ իրանցի լրագրող Անար Բայրամլին թմրանյութեր պահելու կասկածանքով ձերբակալվեց Ադրբեջանում: Լրագրողի եղբայրը, սակայն, ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե չի կասկածում, որ հենց ադրբեջանական ոստիկանությունն է թմրանյութը գցել եղբոր գրպանը:







































