Հայաստանում հոգեկան խնդիրներ ունի բնակչության 1.5 տոկոսը: Ըստ հոգեբույժ Արմեն Սողոյանի՝ Հայաստանում յուրաքանչյուր 4-ից 1-ը իր կյանքի ընթացքում ունենում է նման խնդիրներ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբույժը նշեց, որ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ վտանգավոր չեն հասարակության համար, պարզապես դա հիվանդություն է, որը պետք է բուժել:
Ըստ հոգեբույժի՝ «Ինչքան հասարակության վերաբերմունքը տոլերանտ է հոգեկան խանգարում ունեցող մարդկանց հանդեպ, այնքան ավելի վաղ է հիվանդությունը հայտնաբերվում և բուժվում: Այժմ Հայաստանի բնակչության 1.5 տոկոսն ունի հոգեկան խնդիրներ, իսկ շատերն էլ թաքցնում են հիվանդությունը՝ այն համարելով ամոթ և խայտառակություն: Պետք է հնարավորինս ձերբազատվել նման կոմպլեքսներից»:
Հոգեկան հիվանդությունները հաշմանդամության առաջացման ամենամեծ աղբյուրն են: Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականից գործում է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մասին օրենք, իսկ 2011 թվականին այն թարմացվել է: Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ հիվանդության բուժումը պետպատվերի շրջանակներում է՝ անկախ սոցիալական վիճակից:








































