Ադրբեջանի իրավապաշտպանները փորձում են օգտագործել «Եվրատեսիլը»` երկրում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ադրբեջանցի իրավապաշտպանների հերթական նախաձեռնությունը կոչվում է «Երգեք հանուն ժողովրդավարության»: Նախաձեռնության որի նպատակն է մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլից» առաջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել երկրում մարդու իրավունքների շուրջ ստեղծված կացությանը:
«Ադրբեջանում այսօր 60 քաղաքական բանտարկյալ կա, որոնցից 4-ը լրագրողներ են, ևս 60 հազար քաղաքացիների սեփականության իրավունքը խախտվել է իշխանությունների կողմից»,- պնդում են նախաձեռնության հեղինակները:
«Եվրատեսիլից» առաջ ի հայտ եկած այս նախաձեռնությանը մաս են կազմում Բաքվում գործող մոտ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ և լրատվամիջոցներ: Վերջինների առկայությունը պատահական չէ, քանի որ ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ, իշխանություններն առավել ակտիվորեն են սկսել հալածել լրագրողներին նրանց մասնագիտական գործունեության պատճառով:
Վերջին դեպքը իրանական հեռուստատեսության Բաքվի թղթակից Անար Բայրամլիի` փետրվարի 17-ին տեղի ունեցած ձերբակալությունն էր: Բայրամլիին ադրբեջանցի ոստիկանները մեղադրում են առանց թույլտվության թմրանյութեր պահելու և ոստիկանությանը դիմադրելու մեջ: Իրավապաշտպանները, սակայն, համոզված են, որ Իրանի հեռուստատեսության թղթակցի ձերբակալությունն իրականում բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի:
«Երգեք հանուն ժողովրդավարության» նախաձեռնության հեղինակներից մեկը` հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է. «Մինչև մայիս մենք «Եվրատեսիլ-2012»-ի բոլոր մասնակիցներին հատուկ դիմումի ձևեր կուղարկենք, որոնք նրանք կլրացնեն և կուղարկեն թե՛ Իլհամ Ալիևին, և թե՛ «Եվրատեսիլի» կազմկոմիտեի անդամներին: Այդ դիմումով նրանք կոչ կանեն Ադրբեջանի իշխանություններին հ արգել մարդու հիմնարար իրավունքները»:
Ադրբեջանի իրավապաշտպանները նշում են, որ իրենք պաշտպանում են բոլորին` «իսլամիստներից մինչև աշխարհիկ կարգերի աջակից երիտասարդ ակտիվիստները» ր հայտարարում, որ իրենց հիմնական նպատակն առաջիկա ամիսներին լուրջ հաջողություն արձանագրելն է:
«Ակնկալում ենք, որ մեր համատեղ ջանքերով բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն մինչև «Եվրատեսիլ 2012»-ի անցկացումը»,- հայտարարել է «Երգեք հանուն ժողովրդավարության» նախաձեռնողներից բաքվեցի լրագրող Շահվելեդ Չոբանօղլուն:











































