Բաղդադի կենտրոնում ոստիկանության դեմ ուղղված մի քանի ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու ականապատ մեքենաններ էլ պայթեցվել են հիմնականում շիաներով բնակեցված Ալ-Կարադա թաղամասում՝ ոստիկանական անցակետի մոտ, ինչի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 24 մարդ: Ականատեսների խոսքերով՝ պայթյունի վայրում մի շարք շենքեր և մեքենաներ լրջորեն վնասվել են:
Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ առաջին պայթյունից հետո զինյալները մի քանի զինված հարձակումներ են գործել Բաղդադի տարբեր թաղամասերի անցակետերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Հաղորդվում է, որ նման ահաբեկչություններ են իրականացվել երկրի հյուսիսում՝ Սալահ Ադ-Դին, Դիյալա, Քիրկուք մարզերում: Այստեղ զոհերի և վիրավորների թվի մասին հստակ տեղեկություն չկա:
Հիշեցնենք. անցած կիրակի Բաղդադի ոստիկանական ակադեմիայի մոտ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել էր 20 մարդ:









































