ԱՄՆ-ը հույս է հայտնում, որ Ռուսաստանը հնարավոր մեծ ճնշումներ է գործադրում սիրիական վարչակազմի վրա: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք հույս ունենք, որ ռուսաստանցիները առնվազն օգտագործում են իրենց տրամադրության տակ գտնվող ճնշման գործիքը, ասում են (Ասադին և նրա ռեժիմին) այն մասին, որ միջազգային հանրությունն ավելի վճռական է տրամադրված նրա (Ասադի) գործողությունների դեմ»,- ասել է Թոները` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն ավելի կո՞շտ դիրքորոշում է որդեգրում Սիրիայի իշխանությունների հետ բանակցություններում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում լարվել են` կապված ներսիրիական զարգացումների հետ: ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք երկրների կողմից աջակցություն ստացած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի նախագծերը, որով դատապարտվում են Սիրիայի ներկայիս վարչակազմի գործողությունները, վետոյի իրավունքով մերժվել են Ռուսաստանի և Չինաստանի կողմից:









































