«Սիրիայի ընդդիմության ազգային խորհուրդը հնարավոր է համարում, որ օտարերկրյա ռազմական միջամտությունը երկրում քաղաքական ճգնաժամը լուծելու միակ միջոցն է: Այդ մասին այսօր Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է խորհրդի ներկայացուցիչ Բասմա Քադմանին»,– հաղորդում է Sky News–ը:
Միաժամանակ նա նաև ընդգծել է, որ կազմակերպությունը ստիպված է ընտրել «2 չարիքների միջև». կա՛մ ռազմական միջամտություն, կա՛մ շարունակվող քաղաքացիական պատերազմ: Բասմա Քադմանին նաև Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր` որպես Սիրիայի մտերիմ դաշնակցի արտոնյալ դիրքը՝ Բաշար Ասադի կառավարությանը համոզելու չխոչընդոտել Լիբանանից, Հորդանանից, Թուրքիայից մարդասիրական օգնություն ստանալուն:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև տեղի ունեցող հակամարտությունները: 2011 թվականի դեկտեմբերին իրադրության մոնիթորինգի համար Արաբական երկրների լիգայն դիտորդներ էր ուղարկել: Այդ առաքելության աշխատանքների արդյունքներով 2012 թվականի հունվարի 22-ին Լիգայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մշակել էին խաղաղ կարգավորման նախագիծ, որը նախատեսում էր Ասադի հրաժարական և երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում: Սակայն Դամասկոսն այս առաջարկը մերժեց, որից հետո արաբական երկրները հայտարարեցին իրենց ներկայացուցիչների դիտորդական առաաքելությունը դադարեցնելու մասին:









































