«Երեկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, սկսվեց քաղաքացիական գործն ըստ Արամ Չատինյանի հայցի` ընդդեմ Գագիկ Շամշյանի` պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու պահանջի վերաբերյալ»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Դատարան էր ներկայացել «Չորրորդ ինքնիշխանություն», «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, ինչպես նաև հայցվորի ներկայացուցիչը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արշակ Թովմասյանը:
Դատավոր Ալվարդ Հունանյանը տեղեկացրեց, որ Գագիկ Շամշյանի բնակության վայրի հասցեով ուղարկվել են ծանուցագրեր, սակայն այդ ծանուցագրերը վերադարձվել են: Դա էր պատճառը, որ դատարանը ծանուցագրի հետ հայցադիմումը մեր գործընկերոջը չէր ուղարկել:
Ի դեպ, մեկ անգամ էլ ծանուցագրով ծրարը բացված վիճակով ուղարկվել էր «Առավոտ», ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք: Եվ քանի որ հայցն առնչվում էր պատվին ու արժանապատվությանը, հետևաբար, անմեղության կանխավարկածի սկզբունքը հարգելով, դատարանը մինչ ֆոտոթղթակցի բնակության վայրը ճշտելը, հայցադիմումը չէր ուղարկել:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գագիկ Շամշյանին հայցադիմումը ստանալուց հետո ժամանակ էր պետք` ծանոթանալու համար:
Բացի այդ, հաջորդ նիստին Շամշյանը դատարան կներկայանա իր փաստաբանի հետ և առարկություններով: Դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին, ժ.12-ին»:





































