«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակամուրջ ձևաչափով մամուլի ասուլիսը՝ Երևանի, Աստանայի, Կիևի և Քիշնևի մասնակցությամբ:
Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրեց, որ Հայաստանում 2012թ. աշնանը ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացվեն:
«ԵվրԱզԷՍ-ը տնտեսական ծրագրեր է իրականացնում, իսկ ՀԱՊԿ-ն նպաստում է դրանց իրականացմանը»,- նշեց Բորդյուժան:
Նա նշեց, որ մարտի կեսին նախապատրաստվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Երևան, որպեսզի աշնանը ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների անցկացման առիթով փորձագետների հետ քննարկեն կազմակերպչական հարցեր:
Եվրոպայի խորհուրդը Կիև տեղափոխելու` ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկու արած դիտարկման առիթով Ն. Բորդյուժան նկատեց. «Մենք Ուկրաինայի հետ տարբեր ոլորտներում ենք աշխատում. երբևէ որևէ մեկին չենք ստիպել և երբեք չենք ստիպում: Եթե նրանք որևէ հարցում Կազմակերպության կարիքը զգան` իրենք կգան, ինչպես, օրինակ, Իրանը եկավ` թմրանյութերի դեմ պայքարի հարցում համագործակցության հարցով»:
Ըստ Ն. Բորդյուժայի՝ Բելառուսի և ՌԴ-ի ռազմական համագործակցությունը ամենաինտենսիվն է` հետխորհրդային տարածքում. «Բելառուսը միշտ շատ ակտիվ է, հանդես է գալիս առաջնահերթ խնդիրների դեմ պայքարի առաջարկներով, համագործակցության մեխանիզմների դասակարգման, արագ արձագանքման հարցերով: Բելառուսի ղեկավարությունը կառուցողական դիրքորոշում ունի»:
«Պետք է մեխանիզմներ լինեն. եթե պետության իրավապահները չեն կարողանում երկրի իրավիճակը քաոսայինից բերել նորմալ հունի, ապա ՀԱՊԿ-ն կարող է իր ներուժը օգտագործել: Այո՛, այդ մասին մենք քննարկումներ ունենում ենք, բայց դա ռազմական գործոնին, ռազմական ներգրավմանը չի վերաբերում, մենք ժանդարմերիա չենք լինելու, և դա ոչ թե ընդդիմության դեմ պայքարի հարց է, այլ կարող է նպաստել երկրներում կարգուկանոնի հաստատմանը»,- նկատեց Ն. Բորդյուժան` անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից անդամ երկրների ներքին գործերում մասնակցության հարցին:
Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնպաստի բաժանարար գժերի ստեղծմանը, նկատեց Ն. Բորդյուժան` հավելելով, որ «որոշ հետխորհրդային երկրների» անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իր կարծիքով, չի նպաստի տարածաշրջանի կայունության հաստատմանը:








































