Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Լաս Վեգասում (Նևադա նահանգ) նախանշված համերգները, որոնք պետք է կայանային փետրվարի 17-ին և 18-ին: Այս մասին նշված է երգչի պաշտոնական կայքէջում:
Երգչի ներկայացուցիչները ներողությունն են խնդրել նրանցից, ովքեր արդեն հասցրել էին ձեռք բերել համերգի տոմսերը: Երկրապագուներին խոստացել են փոխհատուցել տոմսերի համար վճարած գումարը:
Նախատեսվում է, որ Մեքսիկայում մարտին նախատեսված համերգները կկայանան:
Է. Ջոնի ներկայացուցիչները հերքել են համացանցում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր երգիչը ներկա է գտնվել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողությանը Նյու Ջերսի նահանգում:
«Դա չի համապատասխանում իրականությանը: Միակ պատճառը, որ Էլթոն Ջոնը բաց է թողել համերգները, վատ ինքնազգացողությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բրիտանացու համերգների կազմակերպիչները չեն մանրամասնում Է. Ջոնի վատ ինքնազգացողության պատճառը: TMZ ինտերնետ-հրատարակության տվյալներով` երաժիշտի վատ ինքնազգացողության պատճառը սննդային ծանր թունավորումն է:
Երգչի ելույթների ծրագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, կոչվում է «Միլիոն դոլարանոց դաշնամուրը», ինչը բնավ պատահական չէ: Ինչպես ավելի վաղ հպարտացել էր երգիչը, նա նվագելու է «Յամահա» ֆիրմայի` հատուկ իր համար պատրաստված դաշնամուրի վրա:









































