ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Հռոմում մեկնաբանել է կիրակի օրն Իրանի նավթարդյունաբերության նախարարության տարածած այն հայտարարությունը, որ այսուհետ Իրանը դադարեցնում է Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային նավթի մատակարարումները.
«Իրանական նավթի վրա ԵՄ-ի սահմանած բեռնարգելքն ուժի մեջ է մտել նախքան Իրանի այդ հայտարարությունը: Իրանն ունի վառ երևակայություն, երբ խոսքը վերաբերում է սադրանքներին: Ոչ թե Իրանն է որոշել կասեցնել իր մատակարարումները, այլ մենք ենք դադարել նրա մոտ նավթ պատվիրել: Այդ ամենն առաջացնում է ծիծաղ»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան այս տարի օրական ներկրել է 58,000 բարել իրանական նավթ, ինչը կազմում է նրա նավթային կարիքների ընդամենը 3 տոկոսը: Ընդհանուր առմամբ, իրանական նավթի արտահանման 20 տոկոսը (օրական մոտ 600,000 բարել) բաժին է ընկնում ԵՄ-ի երկրներին:







































