Համաձայն NPD Group հետազոտական ընկերության տվյալների` ԱՄՆ-ում iPad-ի տիպիկ օգտատերն ավելի տարիքով է ու հարուստ, քան այլ պլանշետային համակարգիչների օգտատերերը: Այս մասին հայտնում է France 24-ը:
Ստացված տվյալների համաձայն` Apple-ի գաջեթ գնողների 40 տոկոսը ունի տարեկան 100 հազար դոլար կամ ավելի եկամուտ, ընդ որում՝ այս կարգի մարդկանց միայն 26 տոկոսն է օգտվում այլ ապրանքանիշի սարքերից:
Փորձագետները հակված են մտածել, որ նման արդյունքների պատճառն ուղղակիորեն կախված է գնից:
Օրինակ` Apple-ի պլանշետը գնորդի վրա կարող է արժենալ 499 դոլար այն դեպքում, երբ ընկերության մրցակիցների պլանշետների գները համեմատաբար ցածր են: Amazon-ն, օրինակ, իր Kindle Fire-ն առաջարկում է ընդամենը 199 դոլարով:
Մարքեթոլոգները նկատում են, որ պլանշետային սարքերն աստիճանաբար ավելի հայտնի են դառնում, ընդ որում, մեծանում է նաև այն գնող օգտատիրոջ տարիքը:
«Եթե պլանշետային սարքերի դեմոգրաֆիան սկսի հետագայում էլ փոփոխման միտումներ դրսևորել, ապա մոտ ապագայում մենք կունենանք բոլորովին այլ շուկա»,- հայտարարել է NPD-ի փոխնախագահ Սթիվեն Բեյքերը:









































