Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն անդրադարձել է «Քրդական համայնքների միության» (KCK) գործի շրջանակներում չդադարող ձերբակալություններին:
Հիշեցնենք, որ KCK-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքացիական թևը:
Դեմիրթաշը հայտնել է, որ չի հասկանում, թե որոնք են այդ ձերբակալությունների պատճառները՝ ընդգծելով, որ դրանք մեկնարկել են 2009 թվականի ապրիլի 19-ին: Ըստ Դեմիրթաշի՝ KCK-ի գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է 6300 մարդ, որոնցից ավելի քան 1000-ը՝ այս տարի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դեմիրթաշը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ ներկայացրել էր 8 առաջարկ.
ա) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում,
բ) ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքից հակաժողովրդավարական դրույթների վերացում,
գ) Քրդական հարցի քաղաքական լուծման աջակցության նպատակով Խաղաղության հանձնաժողովի ստեղծում,
դ) Խաղաղության հանձնաժողովի կողմից Քրդական հարցում բոլոր շահագրգիռ կողմերի հետ բաց բանակցությունների վարել և արդյունքների մասին կառավարությանն ու խորհրդարանին զեկուցել,
ե) ազատ արտահայտվելուն ու ԶԼՄ-ների ազատության խոչընդոտների վերացում,
զ) քաղաքական նպատակներով ձերբակալությունների վերացում, Օջալանի վրայից մեկուսացումը հանել (փաստաբանների հետ հանդիպման արգելքի վերացում) և գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռել,
է) թուրքական բանակի ռազմական գործողությունների դադարեցում, PKK-ի՝ ամեն տիպի զինված գործունեության դադարեցում,
ը) Նոր Սահմանադրության վրա տարվող աշխատանքները հիմնավոր շարունակել։







































