Քիչ առաջ Մաշտոցի պուրակում սկսվեցին եռակողմ բանակցությունները: Պուրակ ժամանած Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մոտեցել է «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին, Ստեփան Սաֆարյանին: Նա հորդորեց լսել Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի իրավական հիմնավորումները Մաշտոցի պուրակում էլիտար կրպակներ տեղադրելու վերաբերյալ:
Երկար բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ մինչև էլիտար կրպակների տեղադրման որոշումը չի կատարվել շրջակա միջավայրի փոփոխության փորձաքննություն: Զավեն Առաքելյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ էլիտար կրպակները ոչ հիմնական կառույցներ են:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրեց այն իրավական հիմքերը, ըստ որոնց՝ կրպակների տեղադրումը և այս պահին ընթացող շինարարությունը ապօրինի են:
Ներսես Նազարյանը իր խոսքում նշեց, որ առավոտյան ոստիկանության ձեռնարկած գործողությունները եղել են օրենքի շրջանակում և հետապնդել են ակտիվիստներին շինարարության հասցված վնասներից պաշտպանելու նպատակ: Այս պահին շարունակվում են բանակցությունները Զարուհի Փոստանջյանի, Ներսես Նազարյանի և Զավեն Առաքելյանի միջև:









































