Ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան Apple ընկերությունը Գերմանիայի դատարան էր ներկայացրել արտոնագրի խախտման հայց՝ ընդդեմ Motorola-ի, և շահել այն: Հաղորդվում է, որ սա առաջին հաղթանակն է արտոնագրային պատերազմում ընդդեմ Motorola-ի:
Նշվում է, որ Մյունխենի դատարանում քննվող գործը վերաբերում է բացառապես Գերմանիայում վաճառվող սարքերին, սակայն այն կարող է ազդեցություն ունենալ նաև այլ երկրների նմանատիպ գործերի վրա: Apple-ն այս որոշումը չի մեկնաբանել, մինչդեռ Motorola-ի ներկայացուցիչները հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Motorola-ն և Apple-ը արդեն երկու տարի է՝ միմյանց դեմ հայցեր են ներկայացնում տարբեր երկրների դատարաններ: Անցած տարի Մանհեյմի դատարանը որոշել էր պատժել Apple-ին, որը խախտել էր Motorola-ի արտոնագիրը:








































