Թատերական ներկայացման գլխավոր լեյտմոտիվը «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի և հոլանդական «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի հետ մտացածին հանդիպումն է: Ներկայացման պրեմիերան կկայանա մարտի 22-ին, Ամստերդամի De Balie տիկնիկային կենտրոնում: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Vivacite ռադիոկայանը:
Համաձայն սցենարի՝ Բրեյվիկը և Վիլդերսը Մեծ Բրիտանիայում Վիլդերսի Fitna հակաիսլամական ֆիլմի շնորհանդեսից հետո, որը պատմում է Ղուրանի «վնասակարության» մասին, պատահաբար հանդիպում են լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանում:
Վիլդերսի 17 րոպեանոց ֆիլմը համացանցում տեղադրվել էր 2008 թվականի մարտի վերջին և բացասական արձագանք էր գտել մուսուլմանական աշխարհում: Ֆիլմում մասնավորապես ներկայացվում են ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փաստագրական կադրեր, պարբերաբար Ղուրանից հնչում են մեջբերումներ: Համատեքստից դուրս բերված այդ մեջբերումները պարունակում են «անհավատներին այրել» և «կտրել նրանց գլուխները» կոչեր:
Միաժամանակ, ֆիլմում ներկայացվում են ծայրահեղական կազմակերպությունների առաջնորդների ելույթները, ովքեր հայտարարում են, որ իսլամը պետք է տիրի ամբողջ աշխարհին:
Հիշեցնենք, որ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը Օսլոյի կենտրոնում պայթյունի կազմակերպիչն ու իրագործողն է: 2011 թվականի հուլիսին ձերբակալվելուց անմիջապես հետո Բրեյվիկը խոստովանեց, որ Օսլոյի և Ուտեյա կղզու ահաբեկչությունների հեղինակն է, որի արդյունքում զոհվեց 77 մարդ: Սակայն մինչ օրս նա իրեն մեղավոր չի ճանաչում:









































