Հանրապետությունում դոլարիզացիայի մակարդակի բարձրացման միտում կա. ավելացել են թե՛ դոլարով ներդրումները, թե՛ միջոցների պահպանումը: FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ մեր քաղաքացիները բավականին լուրջ ուշադրություն են դարձնում արտարժույթին. «Պահպանվում են տրամադրությունները, որ քաղաքացիներն իրենց միջոցները պահում են արտարժույթի, մասնավորապես ամերիկյան դոլարի մեջ: Դա ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին շատ հիմքեր»:
Դոլարի դերի բարձրացմանը նպաստում են համաշխարհային շուկաներում ստեղծված իրավիճակը, եվրոպական երկրների շուրջ տարածվող ճգնաժամային խնդիրները, իսկ ներքին խնդիրներից Մ. Վերդյանն առաջին հերթին նշեց այն, որ դեռ շատ-շատերի հիշողություններում մնում է դրամի կտրուկ արժեզրկումը 2009-ին: Իսկ հաշվի առնելով, որ այդ միտումները դեռ պահպանվում են՝ իրենց նախապատվությունը տալիս են ամերիկյան դոլարին: «Այս կարգի միանշանակ որոշումները՝ նախապատվություն տալ որևիցե մեկ արժույթի`դոլարի կամ դրամի, այնքան էլ ճիշտ չէ:
Խնայողությունները պետք է պահել արժութային որևիցե զամբյուղի մեջ, օրինակ՝ ԱՄՆ դոլար և ՀՀ դրամ, և դրանք կարելի է հավասար բաժանել մասնաբաժինների և հանգիստ լինել, որ սեփական միջոցները կլինեն վստահելի արժույթների մեջ»,- ասաց Մ. Վերդյանը՝ նկատելով, որ եվրոն զամբյուղում վաղուց ընդգրկված չէ, հատկապես հաշվի առնելով բազային սցենարը, որ եվրոպական արժույթը դեռ երկար ժամանակ կգտնվի ճնշման տակ: Դրա փոխարեն առաջարկվում է ոսկին, բայց սա բոլոր այն ներդրողների համար է, որոնց ներդրումային հորիզոնը մի փոքր ավելի երկար է: Այսինքն՝ ոսկին կարելի է ընդգրկել երկարաժամկետ զամբյուղներում:







































