Պետական եկամուտների կոմիտեի Երևանի և մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում ավելի քան 4 հազ. ակտիվ գործող հարկ վճարողների հետ հանդիպումներում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին անուղղակի հարկերին, ինչպես նաև օրենսդրական այն փոփոխություններին, որոնք առնչվում էին նրանց կողմից հայտարարագրող շրջանառություններին, այդ շրջանառությունների հաշվառմանը:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր տեղեկացրել է, որ հարկ վճարողները մեծ գոհունակությամբ են ընդունել էլեկտրոնային հաշվետվողականության պարզեցմանն ուղղված քայլերը, սակայն ամենամեծ արձագանքը ստացել է «Հարկ վճարողների մասին» օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությունը: «Հարկ վճարողներն այսուհետ չեն վարելու ապրանքների առաքումների և գրանցումների նախկին գրքերը, փոխարենը ներդրվել է միայն առաքումների նկատմամբ հսկողության մեխանիզմը: Վստահեցնում եմ, որ այս փոփոխությունը նաև մեր գործարար միջավայրի վարկանիշի վրա էական ազդեցություն կունենա»,- ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
Ա. Ալավերդյանը միաժամանակ վստահեցրել է, որ իրազեկման հանդիպումները շարունակական են և թեմատիկ բնույթ են կրում: Արդեն իսկ տեղի է ունեցել ԱԱՀ հարկ վճարողների հետ հանդիպումը, օրակարգում նաև պարզեցված համակարգով և արտոնագրային վճար վճարող տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումներն են:
«Նմանատիպ միջոցառումների նպատակն է` ոչ թե ստուգումների, վարչարարական լծակների միջոցով հարկերի ապահովման աշխատանքներ իրականացնել, այլ իրազեկման, ինքնագնահատման մեխանիզմների միջոցով հարկերի` այս տարվա բյուջեով նախատեսված ցուցանիշներն ապահովել»,- շեշտել է Ալավերդյանը:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով՝ համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխություններն իրենց հերթին հանգեցրել են կադրային փոփոխությունների. «Երևանում կրճատվել է ևս 3 հարկային տեսչություն՝ թիվը հասցնելով 6-ի: Հետևաբար, այս փոփոխություններով կրճատվել են հսկողական ավելի քան 40 բաժիններ` եկամտահարկի, սոցվճարների, գանձումների գործառույթները միավորելով մեկ հսկողական բաժնում: Այս վերակազմակերպման արդյունքում, Երևանում շուրջ 130 աշխատակից տեղափոխվել է այլ աշխատանքի կամ հայտնվել կադրային ռեզերվում, որոշների աշխատանքն էլ, ներկայացված բնութագրերի հիման վրա, նպատակահարմար չի գտնվել կառույցում»:
Կենտրոնական ապարատում ստեղծվել են 3 նոր կառույցներ` ներքին աուդիտի, գերատեսչական հսկողության և ստուգումների կազմակերպման ու մոնիթորինգի ստորաբաժանումները, որոնք ավելի կամրապնդեն հսկողական գործառույթները:
«Բնականաբար, այս ընթացքում կենտրոնական ապարատում գլխավոր տեսուչներ, նույնիսկ բաժնի պետեր, վարչության պետերի տեղակալներ ազատվել կամ հայտնվել են ռեզերվում: Իսկ ինչ վերաբերում է վերադաս մարմնի, վարչության պետերի, առավել ևս տեղակալների մասով աշխատանքից ազատվելու լուրերին, ապա վստահեցնում եմ, որ նման կարգի որևէ փոփոխություն չի եղել և առաջիկայում չի սպասվում:
Միաժամանակ նշեմ, որ կադրային փոփոխություններն անձնավորված բնույթ չեն կրում»,- շեշտել է Ա. Ալավերդյանը:









































