Երեկ Նյու Յորքում անսովոր մի ակցիա է տեղի ունեցել: Այս օրերին այդ քաղաքում ընթանում է Westminster Kennel Club Dog Show շների ցուցահանդեսը` Madison Square Garden մարզահամերգային համալիրում: «Շներն ընդդեմ Ռոմնիի» նախաձեռնության անդամները փորձել են հանրության ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուներից մեկը՝ Միթ Ռոմնին, չի սիրում կենդանիներին:
Նախաձեռնությունը հիշեցրել է մի դեպքի մասին, որ տեղի է ունեցել մոտ 30 տարի առաջ: 1983թ.-ին Ռոմնին ընտանիքով պատրաստվել է մեկնել Բոստոնից Կանադա, և քանի որ մեքենայում տեղ չի եղել, նա իր շանը տեղավորել է արկղի մեջ և այն կապել մեքենայի տանիքին: Այսպես «խեղճ շունը ստիպված է եղել 12 ժամ անցկացնել այդ արկղի մեջ»: «Շները բեռ չեն», «Սրիկա Ռոմնի» պաստառներով ակցիայի մասնակիցները հիշեցրել են այս պատմության մասին:
Այս պատմությունը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, հրապարակել է Ռոմնիի մրցակիցներից մեկը` Նյութ Գինգրիչը, որը հունվար ամսին հատուկ տեսահոլովակով բարձրաձայնել է Ռոմնիի «դաժանության մասին»:
Այս կապակցությամբ facebook սոցիալական ցանցում բացվել է խումբ, որտեղ արդեն գրանցվել է 25 հազար օգտատեր:









































