Նորվեգական ԶԼՄ-ները առաջին անգամ հրապարակել են Անդերս Բրեյվիկի լուսանկարները, որոնք արվել են ոստիկանության կողմից՝ ահաբեկչությունից հետո հարցաքննության ժամանակ:
Ինչպես հաղորդում է նորվեգական NRK հեռուստաալիքը, լուսանկարներն արվել են Բրեյվիկի ձերբակալությունից անմիջապես հետո: Դրանցում Բրեյվիկը նստած է բազկաթոռին՝ ձեռնաշղթաներով, նույն հագուստով, որով հայտնվել էր կղզում, վզին՝ կեղծ ոստիկանական վկայագիր:
Հարցաքննության նյութերը իրենց հաշվետվության մեջ օգտագործել են դատական բժիշկներ Սյունե Սերհեյմը և Տուրգեյր Հուսբյուն, որոնք Բրեյվիկին անմեղսունակ էին ճանաչել:
Բացի այդ, մամուլը Բրեյվիկին նաև առաջիկա նախնական լսումների ժամանակ՝ փետրվարի 6-ին, լուսանկարելու թույլտվություն է ստացել: Ավելի վաղ ահաբեկիչը կտրականապես դեմ էր դրան:
Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյի կառավարական շենքի մոտ և Ուտեյա կղզում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվեց 77, վիրավորվեց ավելի քան 150 մարդ:








































