BBC հեռուստաընկերությունը խոստովանել է, որ վերջին չորս տարիներին Եվրամիությունից մոտ երեք միլիոն ֆունտ սթեռլինգ դրամաշնորհ է ստացել: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը: Բացի այդ, 2003 թվականից ի վեր ընկերությունը Եվրոպական ներդրումային բանկից ավելի քան 141 միլիոն ֆունտ վարկ է վերցրել:
Մեծ Բրիտանիայում վախենում են, որ եվրոպական ֆինանսավորումը հնարավոր է ազդած լինի BBC-ի` Եվրոպայում քաղաքական իրադարձությունները լուսաբանելու օբյեկտիվության վրա: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, պահպանողական կուսակցության անդամ Դոմինիկ Ռաբայի կարծիքով՝ ԵՄ-ից ընկերության ստացած գումարը կասկածի տակ է դնում BBC-ի խմբագրական քաղաքականության անկախ լինելը:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ-ից ստացած գումարը նախատեսված է եղել հետազոտական ծրագրերի ֆինանսավորման համար: Ինչ վերաբերում է եվրոպական բանկի վարկերին, ապա նրա խոսքերով, դրանք ունեն բացառապես առևտրային հիմք և չեն ազդում խմբագրական քաղաքականության վրա: «Տեղեկատվության օբյեկտիվությունը և այն կարգավորված փոխանցելը եղել է, կա և կլինի BBC-ի համար առաջնային կարևորության հարց»,- նշել է ընկերության ներկայացուցիչը` ընդգծելով, որ BBC-ի լրատվական ծառայությունը ԵՄ-ից գումար չի ստացել:
BBC-ն եկամուտ է ստանում հիմնականում հեռարձակվող արտոնագրերի վաճառքից, գովազդներից, ինչպես նաև դրամաշնորհներից, այդ թվում՝ նաև Մեծ Բրիտանիայի կառավարությունից հատկացված դրամաշնորհից: Մեկ տարի առաջ Մեծ Բրիտանիայի իշխանությունները 16 տոկոսով կրճատեցին BBC-ին տրամադրվող դրամաշնորհը, որի հետևանքով ընկերությունը որոշեց փակել մի քանի լեզուների ծառայությունները և կրճատել հաստիքները:








































