ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ներկայացուցիչները Երևանում հանդիպումներ ունեցան Հայաստանի քաղաքական ուժերի և իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումների ընթացքում կարծես թե չի ստացվել ամենակարևոր հարցի պատասխանը՝ պատրա՞ստ է արդյոք ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ապահովել լայնածավալ դիտարկում:
Ի՞նչ է նշանակում լայնածավալ դիտարկում: Լայնածավալ դիտարկում նշանակում է ներկայացուցիչներ բոլոր ընտրատեղամասերում կամ առնվազն դրանց 70-80 տոկոսում, որոնք գտնվում են Երևանում և հատկապես հանրապետության հեռավոր մարզերում և ծայրամասերում, որտեղ լրագրողական աչքերը անհասանելի են կամ գործնականում անհասանելի: Սակայն, այդ ամենով հանդերձ, լայնածավալ դիտարկում ասվածը պետք է ենթադրի ամեն ընտրատեղամասում առնվազն երկուական դիտորդների առկայություն, որովհետև մեկ դիտորդի հարցը իշխանությունը երևի թե շատ հեշտ կլուծի, իսկ ահա երկուսի դեպքում դժվարություն կարող է լինել: Բացի այդ, դիտարկումը պետք է իրականացվի ոչ միայն ընտրական քվեարկության ժամանակահատվածում, այլ նաև հաշվելու պրոցեսի ընթացքում: Ահա այդ հարցերի պատասխանները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը չի տալիս, չեն տալիս նաև Եվրամիության երկրների դեսպանները, որոնք հայտարարում են, որ աննախադեպ ուշադրությամբ են հետևելու Հայաստանում ընտրությունների որակին: Հետևաբար, նրանք պետք է որ ամենայն ուշադրությամբ դիտարկեն այդ ընտրությունները, սակայն նրանք էլ առայժմ չեն հայտնում լայնածավալ դիտարկման պատրաստակամություն:
Իսկ այդ ամենը կարող է ենթադրել ընդամենը մի բան՝ Եվրոպային, միջազգային հանրությանը, Արևմուտքին ամենևին պետք չէ, որ Հայաստանում իսկապես ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան: Արևմուտքը, դա թերևս իր գործը չի համարում: Արևմուտքը դա համարում է Հայաստանի գործը, որովհետև իր գործը Արևմուտքը թերևս շատ լավ գիտե ցանկացած դեպքում՝ թե երբ Հայաստանն անցկացնի որակապես այլ ընտրություն, քան մինչ այդ, թե երբ Հայաստանը «ավանդույթի» համաձայն կեղծի այդ ընտրությունը: Մյուս կողմից` հասկանալի է այն ծավալը, որը անհրաժեշտ է Արևմուտքին ամբողջական և մանրամասն դիտարկում իրականացնելու համար: Դա ենթադրում է առնվազն 3-4 հազար դիտորդների առկայություն Հայաստանում: Պարզ է, որ դա ֆիզիկապես իրականացնելը բավական բարդ գործ է, որը պահանջում է նաև մեծ ֆինանսական միջոցներ: Նույնիսկ մի քանի արևմտյան կազմակերպություններ միասին հազիվ թե կարողանան այդ քանակի դիտորդներ ապահովել Հայաստանի համար:
Խոշոր հաշվով, պարզ է, որ թե՛ օբյեկտիվ, թե՛ նաև սուբյեկտիվ իրողություններից ելնելով, ուղղակի միամտություն կլինի այդ հարցում հույս դնել արևմտյան աջակցության վրա: Ինչ-որ տեղ դա նաև հանիրավի հույս կլինի, որովհետև ի վերջո Հայաստանում արդար ընտրության խնդիրը դա Արևմուտքի խնդիրը չէ և Արևմուտքը չէ, որ կատարելու է Հայաստանի իշխանության կամ ընդդիմության գործը: Ամեն մեկն իր գործը ինքը պետք է կատարի` առանց աշխարհի արդարությունից կամ անարդարությունից դժգոհելու: Հետևաբար Հայաստանի ընտրության արդարությունը կախված է իշխանությունից և ընդդիմությունից:
Բնական է, որ իշխանությունը չի անի իրենից կախված ամեն ինչ, որ լինի արդար և ազատ ընտրություն: Իշխանությունն ընդամենը կանի հնարավորը և անհնարը, որպեսզի լինի անաղմուկ ընտրություն: Անելիքը ընդդիմությանն է, որ ընդդիմությունը, կամ տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` ազատ և արդար ընտրության իրական ցանկություն և շահագրգռություն ունեցող ուժերը, կարողանան իրենք իրենց ռեսուրսներով ապահովել այն վերահսկողությունը, որը պահանջում կամ ակնկալում են արևմտյան դիտորդներից: Արևմտյան դիտորդական առաքելությունները կարող են ընդամենը լինել օժանդակ, բայց ոչ վճռորոշ հանգամանք: Ազատ և արդար ընտրության վերահսկողությունը պետք է իրացնեն հայաստանյան քաղաքական ուժերը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նրանք այդ հարցում կարողանան համակարգել իրենց գործողությունները:
Ազատ և արդար ընտրության մասին հայտարարում են թե՛ Հայ ազգային կոնգրեսը, թե՛ Դաշնակցությունը, թե՛ Ժառանգությունը, թե՛ նույնիսկ Բարգավաճ Հայաստանը: Կկարողանա՞ն արդյոք նրանք զսպել Հանրապետականին: Կբավականացնի՞ արդյոք դրա համար բոլորի անկեղծությունը, թե՞ նրանցից ոմանք առավոտյան և կեսօրին հայտարարում են ազատ ընտրության հետևորդ լինելու մասին, իսկ երեկոյան հետևում են, թե գիշերն ուր է լինելու Հանրապետականը, որ գնան և հետը պայմանավորվեն խորհրդարանական տեղերի վերաբերյալ: Թեև, այս անգամ կարծես թե ՀՀԿ-ն որոշել է նրանց խոստումներ չշռայլել, ըստ երևույթին իր հետևից երկար վազեցնելու համար:
Դատելով այն բանից, որ այսպես ասած` Հանրապետականի դիմաց կանգնած այդ ուժերի շրջանում չի նկատվում առանձնակի համախմբման խանդավառություն, վերջում, դժբախտաբար, էլի իրավացի է լինելու Հանրապետականը:









































