Այս տարվանից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթը, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:
Այսօր ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթվանից հիմնարկներում կբաժանվեն սերտիֆիկատները, իսկ ամբողջ բաշխումը կավարտվի փետրվարի ընթացքում:
Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում պետական հիմնարկների շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից, հավասարաչափ օգտվել բժշկական ապահովագրությունից, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումից, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարից, հանգստի կազմակերպումից ՀՀ և ԼՂՀ տարածքում:
Նախարարի խոսքով՝ բուժծառայության դեպքում քաղաքացիները կկարողանան ստանալ ոչ միայն հիվանդանոցային բուժում, այլև բուժզննման իրավունք: Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ: Այս գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն:
«Առաջին պայմանագրերը կարող են կնքվել 10-15 օրից: Մարտին բոլորը պետք է պոլիսներ ունենան»,- ասաց նախարարը` շեշտելով, որ ծառայություններ մատուցող ընկերությունների ցուցակները կհրապարակվեն գերատեսչությունների կայքում: Յուրաքանչյուր աշխատակցի՝ փաթեթով նախատեսված գումարը տարեկան կտրվածքով կազմում է 132 հազար դրամ:
Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա փաթեթը չի տարածվում:








































