Վարդան Օսկանյանն ակնհայտորեն թոշակառու չէ և չի պատրաստվում անգործ պառկել բազմոցին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Նրա վերադարձը մեծ քաղաքականություն ձեռնտու է և իրեն, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Օսկանյանը քաղաքական անցյալ ունեցող մարդ է և կարող է որոշ քանակությամբ ձայներ ապահովել ԲՀԿ-ի համար: Միաժամանակ, ԲՀԿ-ն ընտրություններից առաջ պետք է փոխի իր իմիջը` առավել անկախ, ՀՀԿ-ից կախման մեջ չգտնվող ուժ երևալու համար»,- ասաց Իսկանդարյանը:
Անդրադառնալով Իրանում պատերազմի հավանականությանը՝ քաղաքագետը նշեց, որ հարևան երկրում պատերազմ դժվար թե սկսվի:
«Այն, ինչին ականատես ենք հիմա, պարզապես մկանների ցուցադրում է, ընդ որում՝ մկաններն ավելի հաջող ցուցադրում է Արևմուտքը: Բայց ցամաքային պատերազմ Իրանի և Արևմուտքի միջև գրեթե անհնար է թվում: Ռմբակոծություններ, այո, հնարավոր են, բայց ցամաքային օպերացիա անհնար է՝ ֆինանսական, մարդկային, քաղաքական և մի շարք այլ դրդապատճառներով»,- ասաց Իսկանդարյանը:
Ամփոփելով` քաղաքագետը բացառեց Իրանում իրաքյան սցենարի կրկնության հավանականությունը:









































