Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` կապված նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տ. Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով:
«Չնայած մայրաքաղաքի զարգացման համար կարևոր են քաղաքաշինական ծրագրերը, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքաշինական որևէ ծրագիր չի քննարկվի տնտեսվարողների հետ, մինչև հողօգտագործողների հարցը չլուծվի»,- նշել է քաղաքապետը:
Տ. Մարգարյանն աշխատանքային խմբին հանձնարարել է շարունակել բանակցությունները հողատարածքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների հետ և քննարկել փոխհատուցման իրատեսական տարբերակներ:









































