ՀՀ ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցության կամ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը 25-ից պակաս չլինի: Արդյոք պահանջված թվով թեկնածուներ չունենալու խնդիրը չի՞ ստիպում վերջին տարիներին ակտիվ գործունեություն չծավալած կուսակցություններին, որ նրանք փորձեն իշխանական կուսակցությունների հետ միավորվել:
Այս առնչությամբ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առանձին չգնալու իրենց դրդապատճառը ֆինանսներ չունենալն է: «Ընտրություններին առանձին չգնալու ամբողջ հարցը կայանում է ֆինանսական կարողություններ չունենալու մեջ»,- ասաց նա: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ 2003 թվականի Աժ ընտրություններում իրենք 36 հոգանոց համամասնական ցուցակ են ներկայացրել, հետևաբար անհրաժեշտ կազմի հետ կապված խնդիր չունեն: «Ընտրություններին միայնակ մասնակցելը ֆինանսական լուրջ նախաձեռնություն է, այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը միայնակ մասնակցի ընտրություններին»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքերով, իրենց կուսակցությունը քաղաքական որևէ ուժի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինք կազմելու հարցերին, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա փետրվարի վերջին: «ՀՀԿ-ի հետ նախընտրական դաշինքի հարցը կքննարկենք շահագրգիռ կերպով»,- ասաց նա:











































