Մեծ Բրիտանիայում ճգնաժամային ժամանակահատվածում, երբ ոսկու գինը ռեկորդ էր սահմանում, ավելացել է գողերի թիվը, որոնք բնակարաններ են ներխուժում ոսկերչական իրերի համար: Այս մասին գրում է Guardian-ը:
Առավել շատ հանցագործների զոհ են դառնում ասիական ընտանիքները, մասնավորապես հնդիկները, քանի որ նրանց մոտ ավանդաբար պահվում են ոսկյա իրեր:
«Մեր ծնողները դրանք (զարդեր.- 1in.am) տվել են մեզ, որպեսզի այնուհետև մենք թողնենք մեր երեխաներին, իսկ նրանք էլ` իրենց երեխաներին»,- պատմել է գողության զոհը, որի ընտանեկան ոսկու կարողությունը կազմում է 70 հազար ֆունտ:
Guardian-ը չի ներկայացնում կոնկրետ վիճակագրություն, սակայն հոդվածի հեղինակների անցկացրած հարցումները ցույց են տվել, որ գողության դեպքերը շատ են ավելացել: Թիրախ են դարձել ոչ միայն բնակարանները, այլև խանութները: Վաճառողները նույնպես հաստատում են ասիական ոսկու գողությունների թվի աճ:
Պետք է նշել, որ ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում ներդնողները գերադասում են ձեռք բերել ոսկի, որն ավելի ապահով է:








































