ՀՀԿ-ի՝ մշտապես իրականացրած առողջապահական բնույթի բարեգործական ակցիաները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն նաև նախընտրական շրջանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Հարցին՝ արդյոք դա իրենից ընտրակաշառքի յուրօրինակ ձև չի՞ ներկայացնում, պատգամավորը պատասխանեց. «Եթե մեր կուսակցական բժիշկները համապատասխան ծրագրերի իրականացման համար կարողանում են օգտագործել իրենց գիտելիքները, դա որպես ընտրակաշառք ընկալել չի կարելի: Նրանք իրենց այդ գործունեությունն իրականացնում են անկախ նրանից՝ նախընտրական, թե հետընտրական շրջան է: Եթե աչքի առջև ունենալով ընտրակաշառքի օրինակները, ընտրակաշառք է համարվում նաև մարդկանց օգնելը, դա, երևի թե, ոմանց խնդիրն է կամ քաղաքական շահարկում, ոչ ավելին»:
Կարեն Ավագյանը որպես հակադարձ հարցադրում հետաքրքրվեց. «Արդյոք ՀՀԿ-ի կազմակերպած արյունատվության անվարձահատույց ակցիան բարեգործությո՞ւն է, թե՞ ընտրակաշառքի մի ձև»: Այսինքն, ըստ Ավագյանի, ստացվում է, որ անվճար արյուն հանձները նույնն է, թե մարդկանց անվճար բուժօգնություն տրամադրելը:
«Հանրապետական կուսակցությունը նմանօրինակ ակցիաներ իրականացնում է ամբողջ տարին՝ չսպասելով նախընտրական շրջանին: Այդպիսի միջոցառումներ իրականացնելու ենք նաև ապագայում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:









































