«Եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, իմ վերաբերմունքը կտեսնեք: Եթե ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում է, ապա հաստատ նման հարց չկա այսօր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ անդամ Արթուր Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլ կձեռնարկի ինքը, եթե ԲՀԿ-ն դուրս գա իշխանական կոալիցիայից:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ում դեռևս չի քննարկվել մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցելու խնդիրը: Ըստ Ա. Գրիգորյանի՝ աշխատանքները դեռևս նախապատրաստական փուլում են: Նա բացառեց մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: «Չեմ առաջադրվելու: Ես հեռու եմ մեծամասնականից, պատգամավորական աշխատանք իմ մտքով դեռևս նույնիսկ չի անցել, որ կկարողանամ պատգամավորական աշխատանք կատարել: Եթե անկեղծ լինեմ, պատգամավորական աշխատանքը չեմ սիրում»,- ասաց նախարարը: Հարցին՝ առաջադրելու դեպքում կհրաժարվի՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Իհարկե ոչ»:
Ա. Գրիգորյանը վստահեցրեց, որ նախարարությունն իր ծրագրերն իրականացնում է պետբյուջեի հաշվին՝ առանց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցության, և նախարարության ու հիմնադրամի միջև կապ չի տեսնում:
«Ես կապն եմ, բայց ծրագրերն իրականացվում են պետբյուջեի հաշվին: Նման խնդիր չկա, չի էլ կարող լինել, որ ինչ-որ մի ծրագրի նախարարության միջոցով աջակցի: Հիմնադրամն ինքն է որոշում որ սոցիալական խմբերին ինչ բարեգործություն և ինչ աջակցություն ցույց տա»:









































