Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի` այսօր արած այն հայտարարությանը, համաձայն որի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն ևս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում:
Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաև Ալիևը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, և որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:
Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են՝ ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,- եզրափակել է խոսքը Շարմազանովը:
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։











































