ՀԱԿ-ի քաղխորհրդում վերջին շաբաթներին բավական լուրջ և բուռն քննարկումներ են ընթանում` կապված առաջիկա ընտրությունների հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Մենք կոնսենսուսի գալիս ենք, որովհետև ՀԱԿ 18 կուսակցությունները վեր են կանգնում անձնական շահերից»,- նկատեց նա:
Այնուհետև Զուրաբյանն ընթերցեց ՀԱԿ-ի հայտարարությունն առաջիկա ընտրությունների վերաբերյալ:
«2008թ. նախագահական ընտրությունները կեղծելու ճանապարհով հաստատված իշխանությունը չէր էլ կարող չլինել քոչարյանական վարչախմբի շարունակությունը: ՀԱԿ-ը չորս տարի շարունակ պայքարեց օրինական իշխանությունների ձևավորման համար: Վարչախումբն ամեն ինչ արեց ընդդիմությունը վերացնելու համար, սակայն ի հեճուկս դրա` ՀԱԿ-ը դարձավ հասարակական կարծիքի արտահայտողը:
Ուստիև ՀԱԿ անդամ կուսակցությունները որոշել են դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հավատարիմ իր կարգախոսին` ՀԱԿ-ը աշխատելու է ուժերի համախմբման ուղղությամբ»,- նկատեց նա:
Զուրաբյանը նշեց նաև, որ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը մնում է ՀԱԿ-ի օրակարգում, «Այն, կարելի է ասել, ավելի կարևոր է, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- ամփոփեց նա:








































