ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ներքաղաքական հնարավոր զարգացումներին:
Նա նշեց, որ հիմնականում ուշադրության են արժանանում ներքաղաքական գործընթացները և ոչ միայն այն պատճառով, որ առջևում համապետական ընտրություններ են, այլև այն պատճառով, որ այս ընտրությունները շատ կարևոր հանգրվան են լինելու.
«Մեզ համար սրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրականում հետխորհրդային երկրներում որոշակի փուլի ենք հասել, երբ հանրային պահանջ է ձևավորվում, համաձայն որի՝ ընտրություններով ենք մասնակից դառնում քաղաքական որոշումների կայացմանը, ուստի կարևոր է քաղաքացու քվեն»,- նկատեց Արտակ Զաքարյանը:
Նա հավելեց, որ քաղաքացին քաղաքական ուժերից ակնկալում է իրատեսական ծրագրեր. «Ես վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները անցկացվելու են ժողովրդավարական սկզբունքներով, և յուրաքանչյուր ուժ դրա համար պետք է համապատասխան պատասխանատվություն վերցնի»:
«ՀՀԿ-ն իր ծրագրերում առավելապես եղել է նվազ պոպուլիստ, այսինքն` մեր նպատակը բանավեճերում ինչ-որ բան ապացուցելը չէ, մեր նպատակը հասարակության հետ երկխոսությունն է, հասարակության քվեն վաստակելը: Քաղաքական ուժերը գալիս են քննություն հանձնելու»,- նկատեց պատգամավորը:
ՀՀԿ-ն չի շտապում, ՀՀԿ-ի պարագայում միշտ եղել են կազուսային իրավիճակներ, և առաջին անգամ չէ, որ պատասխանատվության պահին ՀՀԿ-ն մնում է մենակ, հայտարարեց Արտակ Զաքարյանը: «Մեզ համար գերխնդիրը երկրի զարգացումն է»,- հավելեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի օրերս արած հայտարարությանը, որում նա չէր բացառել այն, որ ԲՀԿ-ն ճնշումների է ենթարկվում ՀՀԿ-ի կողմից, Արտակ Զաքարյանը նկատեց. «ՀՀԿ-ն որևէ մեկի վրա ճնշում գործադրելու ոչ ցանկություն ունի, ոչ անհրաժեշտություն»:
Առայսօր ոչ ոք չի հանրապետականացվել, նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը` պատասխանելով հարցին, թե լուրեր են պտտվում, համաձայն որոնց՝ բուժաշխատողների տոտալ հանրապետականացում է ընթանում: Նա նաև հավելեց, թե լուրջ, պատասխանատվություն կրող կուսակցությունը ավելորդ բալաստ իր վրա չի վերցնի:











































