«Համար առաջին ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենի ոչնչացման գործին օժանդակել է ԱՄՆ հատուկ ծառայություններում աշխատող պակիստանցի բժիշկը: Այս մասին CBS News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
«60 րոպե» հաղորդման ժամանակ Պանետան հայտարարել է, որ պակիստանցի բժիշկ Շիկալ Աֆրիդին աշխատել է ԿՀՎ-ում, և վակցինացման ծրագրի շրջանակներում հավաքել է ԴՆԹ օրինակներ` փորձելով պարզել Բեն Լադենի գտնվելու վայրը:
Ավելի ուշ Աֆրիդին ձերբակալվել է Պակիստանի հատուկ ծառայությունների կողմից` մեղադրվելով հետախուզական գործունեության մեջ:
Պանետայի խոսքերով՝ բժշկի դեմ Պակիստանի կառավարության գործողությունները շատ սխալ են։ Ըստ նրա՝ բժիշկը մեծ օգնություն է ցուցաբերել Բեն Լադենին ոչնչացնելու գործում: Աֆրիդին չի դավաճանել Պակիստանին, քանի որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Պակիստանը պայքարում են ահաբեկչության դեմ, իսկ բժիշկ Աֆրիդին նպաստում էր այդ պայքարին:
Հիշեցնենք, որ «Ալ-Կաիդա»–ի պարագլուխ Ուսամա բեն Լադենը 2011 թ. մայիսի 2-ին սպանվել էր ամերիկյան հատուկ ծառայության ուժերի կողմից՝ Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Աբոտաբադ քաղաքում:








































