TRT HABER-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) մեկ տարով երկարաձգել է Ադենի ծոցում և Սոմալիի ջրատարածությունում ծովահենների դեմ մղվող պայքարում Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ստորաբաժանումների մասնակցության լիազորման ժամկետը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ 2011 թվականին Ադենից ծոցում Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ստորաբաժանումները հսկել են թուրքական դրոշով երթևեկող 76 առևտրանավերի անվտանգ նավարկումը։ Յըլմազը սոմալեցի ծովահենների գործողությունը որակել է որպես «բռնություն և սպառնալիք».
«Մեր պարտականությունն է այդ ամենի կանխումը։ Նախորդ տարի օտար դրոշով երթևեկող 103 նավեր ենթարկվել են ծովահենների հարձակմանը։ Դրանցից 23-ն առևանգվել են։ Մեր ձեռնարկած միջոցների շնորհիվ 2010 թվականի մարտից սկսած ոչ մի թուրքական նավ չի առևանգվել։ Մենք օգնել ենք 76 թուրքական առևտրանավի»։
Թուրքիայի ռազմածովային ուժերը Ադենի ծոցում ծառայություն են կրելու մինչև 2013 թվականի փետրվարի 10-ը։ Այդ գործընթացը մեկնարկել է 2009 թվականի փետրվարի 9-ին, ապա մեկ տարով երկարաձգվել 2010 և 2011 թվականներին։











































