Հինգշաբթի օրը սկսվել են, Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունները փրկելուն ուղղված դիվանագիտական փորձերը։
Ինչպես գրում է Washington Post-ը, Հորդանանի արտգործնախարարը չորեքշաբթի օրն ասել է, որ բանակցությունները մյուս շաբաթ տեղի չեն ունենա, որպեսզի կողմերը կարողանան գնահատել, թե որ փուլում են իրենք գտնվում և ինչ է հարկավոր անել հաջորդ փուլին անցնելու համար: Այս մասին հաղորդել է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ավելի վաղ ասել էր, որ կշռում է իր քայլերը, և որ հստակ որոշումը կընդունվի Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների փետրվարի 4-ին կայանալիք հանդիպման ժամանակ։
Պաղեստինի Ազատագրական կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշևաովին հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ոչ մի առաջընթաց էլ չի եղել, և որ այլևս բանակցություններ չկան: «Մենք չենք ցանկանում այս խաբեության հանցակիցը լինել»,– ասել է նա:
Իսրայելի պաշտոնյան, ով ծանոթ է եղել քննարկումներին, ասել է, որ պաղեստինցիներն «արհեստական ճգնաժամ են ստեղծում»:








































