ԱՄՆ-ը պատրաստ է գլխավորել ՄԱԿ-ի բարեփոխումների արշավը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ուրբաթ օրը ՄԱԿ-ին առընթեր կառավարման և բարեփոխումների հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Թորսելան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պայքարելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ընտրական համակարգում բարեփոխումներ անցկացնելու համար, որպեսզի թույլ չտա այն պետությունների անդամակցությունը, որտեղ մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են:
Ներկայումս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընտրությունները տեղի են ունենում տարածքային սկզբունքով և հաճախ մրցունակ չեն: 2010 թվականին խորհրդի կազմում են եղել յոթ պետություններ, որոնք մեղադրվում են մարդու իրավունքները ոտնահարելու մեջ, այդ թվում՝ Լիբիան, Անգոլան, Մալայզիան:
2011 թվականին թեկնածուներից մեկը Սիրիան էր, սակայն ստիպված էր հրաժարվել ընտրվելուց, երբ ԱՄՆ-ն քվեարկության մասնակիցների մեծամասնությանը համոզեց դեմ քվեարկել Սիրիայի թեկնածությանը:
Վաշինգտոնում ելույթ ունենալով միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի անդամների առջև` Թորսելան նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատել է մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, որոնք թույլ չեն տալու միջազգային օրենքները խախտող երկրներին անդամագրվել ՄԱԿ-ի ցանկացած մարմնում: