Օրական մեկ լիտր սովորական կոլա խմելու դեպքում մարդու լյարդի և որովայնի շրջանի օրգանների ճարպի կոնցենտրացիան բարձրանում է, որն էլ իր հերթին բարձրացնում է շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտնել են դանիացի գիտնականները:
Գիտնականների խումբը՝ Բիորն Ռիչելսոնի ղեկավարությամբ, փորձ է անցկացրել, որի ժամանակ կամավորների տարբեր խմբերին առաջարկել են 6 ամսվա ընթացքում խմել մեկ լիտր ջուր, կաթ, դիետիկ կոլա և սովորական կոլա: Ընդ որում՝ հետազոտությանը մասնակցած 47 անդամներն էլ ունեցել են ավելորդ քաշ:
Նշենք, որ պաշտոնապես բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել շաբաթական 3 շշից ավելի գազավորված ըմպելիք:
Կես տարի անց սովորական կոլա խմող մարդկանց ներքին օրգանների մոտ ճարպի կոնցենտրացիան բարձրացել է 25%-ով, իսկ լյարդում և մկաններում ճարպի պարունակությունն ավելացել է գրեթե երկու անգամ: Այդ փոփոխությունները ավանդաբար կապում են մետաբոլիկ սինդրոմի, 2-րդ տիպի դիաբետի և այլ հիվանդությունների հետ:








































