Բրազիլացի գիտնականները կատարել են եզակի բացահայտում. երկրի հարավում նրանք հայտնաբերել են բույս, որն անվանել են վամպիր: Philcoxia minensis-ը ներծծում է կենդանի էակների կենսական նշանակություն ունեցող նյութերը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Կամպինասի պետական համալսարանի կենսաբանները «վամպիր»-բույսը հայտնաբերել են Մինաս-Ժեյրաս նահանգի արևադարձային սավանաներում: Philcoxia minensis-ն ունի ոչ մեծ մանուշակագույն ծաղիկներ, նուրբ ցողուն և մանր տերևներ: Դրանց մի մասը թաքնված է հողի տակ, որը փակուղու առաջ է կանգնեցրել գիտնականներին: Կամպինասի համալսարանից Ռաֆայել Օլիվեյրը պարզաբանել է, որ տերևները ծաղկին պետք են ֆոտոսինթեզի համար, սակայն հողի տակ լույս չկա:
Հողի մեջ թաղված տերևներն իրականում որոգայթի դեր են կատարում. նրանք ծածկված են կպչուն նյութով, որը թույլ չի տալիս իրենց ցանցում հայտնված զոհին փախչել: Philcoxia minensis-ի զոհերը կլոր անողնաշարավոր ճիճուներն են: Զգայուն մազերը, որոնցով ծածկված են «վամպիրի» տերևները, «ահազանգում» են, որ զոհը հայտնվել է ծուղակում: Այնտեղ հայտնված ճիճվից բույսը ներծծում է կյանքի համար կարևոր նյութերը, մասնավորապես ազոտը, որը շատ քիչ է բրազիլական սավանայի ավազներում:
Նշենք, որ ավելի վաղ գիտնականները չեն իմացել, որ Philcoxia minensis-ը գիշատիչ բույս է և սնվում է միջատներով ու սարդերով:











































