Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի նախագահ Էվելին Վիդմեր-Շլամփֆը Ժնևում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.
«Մեր երկրում գոյություն չունի ազգային մակարդակով Հայոց ցեղասպանության հերքման քրեականացում։ Այդպիսի օրենք գործում է միայն մի շարք կանտոններում (շվեյցարական վարչական միավոր)։ Այդ որոշումները վերաբերում են միայն կանտոններին ու դրանց ղեկավարներին։ Այդ մասին կայացված չէ համապետական որոշում»։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականի դեկտեմբերին: Իսկ 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է նաև Հայոց ցեղասպանության հերքման առնչությամբ, որի առաջին «զոհը» դարձավ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը։
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը նրան մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար: Լոզանի դատարանը թուրք կուսակցապետի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2,5 հազար դոլարի տուգանք:









































