Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունները կավարտվեն մինչև հունվարի վերջ։ Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրները։
Վերջիններս ընդգծում են, որ մոտ ժամանակներս Մոսկվա է գործուղվելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Գաբալայի ՌՏԿ-ի հետ կապված եզրափակիչ քննարկումներ անցկացնելու և համապատասխան պայմանագիրը ստորագրելու համար։
Նշվում է, որ ներկայիս դրությամբ կողմերը համաձայնեցրել են հարցերի մեծ մասը՝ ներառյալ վարձավճարի չափը։ Քանի որ դեռ կնքված չէ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ նոր փաստաթուղթը, ուստիև ներկայումս չի հայտնվում, թե որքան է կազմելու այդ կայանի վարձավճարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ հստակեցրել է հատուկ խմբի կազմը, որը պետք է Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցություններ վարի ռուսական կողմի հետ։









































