Գերմանիայի Դահաու քաղաքում հունվարի 11-ին մեղադրյալը դատական նիստի ժամանակ կրակ է բացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Բավարիայի արդարադատության նախարարությանը:
Գործակալությունը գրում է, որ դատական նիստի ժամանակ մեղադրյալն անսպասելիորեն հանել է ատրճանակը և սկզբում կրակել դատավորի վրա, սակայն վրիպել է, այնուհետև մի քանի անգամ կրակել է դատախազի վրա, որը ստացած վերքերից մահացել է վերակենդանացման բաժնում: Հաղորդվում է, որ դատախազը 31 տարեկան էր:
Տղամարդը ձերբակալվել է: Առայժմ չի հաղորդվում, թե ինչպես է նրան հաջողվել զենք մտցնել դատարան: Այլ զոհերի մասին առայժմ չի հաղորդվում:
Կրակ բացողը Բավարիայի խոշոր գործատուներից մեկն է: Դատարանում քննվում էր նրա կողմից աշխատակցիներից խոշոր գումար գողանալու գործը: Նրան սպասվում էր պատիժ՝ տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:







































