«Երբ պետությունը որևէ ճյուղ հայտարարում է գերակա, ապա պետք է ակտիվ մասնակցություն ունենա դրա զարգացման գործում: Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը մեծապես խոչընդոտում են հյուրանոցների պակասը, թանկությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Տուրօպերատորների ասոցիացիայի հիմնադիր անդամ Մարինե Կպրյանը:
Ըստ նրա` զբոսաշրջության զարգացմանը խանգարում է նաև մուտքի արտոնագրի վճարի առկայությունը. օրինակ` Վրաստանը հանել է այդ վճարը: Ավիատոմսերը մեզ մոտ ի սկզբանե թանկ են` հավելած 10 հազար դրամը, և եթե մեկ անձը ՀՀ-ում 7 օր անցկացնելու համար պետք է ունենա 500 դոլար, ապա Վրաստանում` 400 դոլար: Մ. Կպրյանի խոսքով` ոլորտի զարգացմանը խոչընդոտում է նաև այն, որ մեր երկիրը արտերկրում քիչ է գովազդվում:
«Գերական այնքան էլ գերակա դուրս չեկավ: Եթե տարեկան 30% աճ լիներ, այդ դեպքում միայն կհամարվեր գերակա»,- ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը` նշելով, որ հարցը քննարկվել է նաև նախարարի հետ և ձգտելու են հասնել այդ ցուցանիշին:









































