Ամանորյա պայթուցիկներից հնարավոր է` երեխաների շրջանում վախի ռեակցիա առաջանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը` խոսելով ամանորյա գիշերն օգտագործվող պայթուցիկների ազդեցության մասին:
Հոգեբանը կարծում է, որ Ամանորն աղմկոտ տոն է: «Պայթուցիկները կարող են բացասաբար անդրադառնալ, երեխաների մոտ վախի ռեակցիա առաջացնել: Գուցե այդ տոնական պայթուցիկները կրճատենք և մինիմալի հասցնենք»,- նշեց Կարինե Նալչաջյանը` հավելելով, որ այդ պայթուցիկները նաև հանդիսավորության մթնոլորտ են ստեղծում:
Անդրադառնալով տոնական օրերին շատ ուտելուն`ասաց. եթե մարդը շատ է ուտում, ապա իրեն ծանր է զգում, և դա ազդում է նաև տրամադրության վրա: «Այնպես որ` եթե օրգանիզմը ծանրաբեռնված է, ապա դա կարող է դառնալ վատ ինքնազգացողության պատճառ»,- նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:
Նա նաև խորհուրդ է տալիս տոնական օրերի հանգիստը նույնպես ճիշտ կազմակերպել: «Մարդը կարող է շրջագայել, բայց կան սթրեսածին դրվագներ: Պետք է հանգստի ձևն ընտրելիս նույնպես խորհել: Մարդը պետք է իմանա` եթե տոն է, անհրաժեշտ է անցկացնել հաճելի հանգիստ, հնարավորինս խուսափել սթրեսներից»,- մեկնաբանեց Կարինե Նալչաջյանը` հավելելով, որ սթրեսի պատճառ կարող են լինել նաև ամանորյա ծախսերը: Ըստ նրա` Հայաստանում դրանք ցուցամոլության են հասնում:









































