Տաղանդավոր մարդու համար պետք է ստեղծվեն գոնե նվազագույն պայմաններ` ստեղծագործելու համար: Մեր խնդիրն է մեր երկրում համապատասխան հոգևոր եղանակ ստեղծելը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով մեր երկրում արվեստագետի համար ստեղծված կենսապայմաններին ու ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններին, ասաց ճարտարապետ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը` ընդգծելով, որ չպետք է մոռանալ, որ նվազագույնը 5000 տարվա մեծագույն մշակութային պաշար ունենք: «Դրանով պետք է պայքարել այն կեղտի, աղբի դեմ, որը տարածում է մեր հեռուստատեսությունը»,- նշեց նա:
Հարցին` արդյոք մեր երկրում չկա՞ն տաղանդավոր մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները, վերջինս պատասխանեց, որ տաղանդավոր մարդուն, որքան էլ փորձեն խեղդել, միևնույն է, նա պայմաններ կգտնի իր ինքնադրսևորման համար:
«Մենք մեր հասարակությունն ենք փչացնում, իսկ տաղանդավոր մարդուն հնարավոր չէ փչացնել: Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, իսկ մեր հասարակությունն այսօր քանի՞ Փարաջանով ունի»,- հռետորական հարց բարձրացրեց նա` ցավով նշելով, որ այս օրը մեր հասարակությունը սերիալներ է դիտում, Թաթա է լսում, Արմենչո… «Դա մերը չէ: Մերը իսկական արվեստն է, ու մենք միայն իսկական արվեստով ու գիտությամբ կարող ենք հանդես գալ աշխարհին: Մնացած ամեն ինչում մենք պարտվելու ենք»,- խոսքը եզրափակեց Լ. Իգիթյանը:









































