Իսրայելցի և պաղեստինիցի քաղաքական գործիչները պլանավորում են երկորդ անգամ հանդիպել Ամմանում: Հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 9-ին:
Պաղեստիինցի գործիչներն ասում են, որ երկու կողմերի միջև բացը անվտանգության և սահմանային հարցերի վերաբերյալ նույնքան խորն է, որքան նախկինում:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, այս հանդիպմանը չեն մասնակցելու Մերձավորարևելյան քառյակի` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Բանակցությունները տեղի են ունենալու Ամմանում` Հորդանանի ԱԳ նախարարությունում:
Պաղեստինցի պաշտոնական անձինք Ռամալայում հայտարարել էին, թե չեն սպասում, որ Պաղեստինի ինքնավարության գլխավոր բանակցող Սայիբ Արիկատի և իսրայելցի բանակցող Իցհակ Մոլխոյի հանդիպումը այս փակուղում կունենա ինչ-որ հաջողություն:
Պաղեստինի ազատագրության կազմակերպության գլխավոր քարտուղար Յասիր Աբեդ Ռաբբոն այս բանակցությունները բնութագրել է «նախնական հանդիպում», այլ ոչ թե լուրջ բանակցություն:
Միաժամանակ իսրայելցի պաշտոնական անձինք հայտարարել էին, թե Երուսաղեմը «ցանկանում է, որ գործընթացը հաջողությամբ պսակվի», և որ պլանավորվել են այլ հանդիպումներ ևս:
Գործիչները, սակայն, հրաժարվել են քննարկել հանդիպման մանրամասները`ասելով, որ բանակցությունները հաջող կլինեն այն դեպքում, եթե ուղեկցվեն առանց ԶԼՄ-ներում տեղեկատվության արտահոսքի:
Ընդ որում, Աբեդ Ռաբբոն հայտարարել է, որ եթե մինչև հունվարի 26-ը բանակցություններում առաջընթաց չգրանցեն, ապա Պաղեստնի ղեկավարությունը սկսելու է ջանքեր գործադնել ՄԱԿ-ի անդամ դառնալու համար:
2011 թվականի աշնանը «քառյակը» Իսրայելին և Պաղեստինին տվել էր երեք ամիս ժամանակ`անվտանգության և սահմանային հարցերի վերաբերյալ համալիր առաջարկներ ներկայացնելու համար: Այդ ժամկետը լրանում է հունվարի 26-ին:











































