Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսով քննարկել է իրանցի իր գործընկերոջ` Մահմուդ Ահմադինեժադի հետ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի մշակման հարցը, իրանական միջուկային խնդիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին` Ահմադինեժադն ու Մեդվեդևը համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում, առկա խնդիրների լուծումը, հնարավոր է միայն քաղաքական միջոցներով, բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության միջոցով: Նախագահները աջակցում են ՄԱԿ-ի, տարածաշրջանային և միջազգային այլ կազմակերպությունների ջանքերին՝ այդ նպատակին հասնելու համար,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մեդվեդևը ողջունել է Իրանի նախագահի դրական գնահատականը ռուսական նախաձեռնության վերաբերյալ` փուլ առ փուլ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով: Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները այս հարցի շուրջը»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Երկու երկրների ղեկավարները նաև հանդես են եկել Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան մշակելու ուղղությամբ ջանքերը ակտիվացնելու օգտին՝ կարևորելով պայմանավորվածությունների ձեռքբերումը Բաքվում Կասպյան երրորդ գագաթնաժողովում:









































