«ՀԱՄԱՍ» շարժման բարձրաստիճան անդամների մեծամասնությունը կողմ է, որ շարժումը թեկնածու չառաջադրի Պաղեստինի ինքնավարության նախագահական ընտրությունների ժամանակ: Ընտրությունները նախանշված են 2012 թվականի մայիսին: Այս մասին հայտնում է Haaretz թերթը` վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Սակայն շարժման պաշտոնական ներկայացուցիչները ընդգծել են, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել:
Ամեն դեպքում, «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը հաղթելու մեծ շանսեր ուներ` հաշվի առնելով, որ ներկայիս նախագահ Մահմուդ Աբասը մտադիր չէ իր թեկնածությունը առաջադրել: Շարժման շրջանակներից պոտենցիալ թեկնածուների անբավարարությունը թերթը կապում է այն փաստի հետ, որ «ՀԱՄԱՍ»-ը ղեկավարում է միայն Գազայի հատվածը, և հնարավոր է, որ չկարողանա ղեկավարել Պաղեստնի ինքնավարությունը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ, «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդներից Մահմուդ Ալ-Զահարը հայտարարել է, որ դեռ չի քննարկվում Պաղեստինի ինքնավարության նախագահական ընտրություններում հնարավոր թեկնածուի հարցը, սակայն դա չի նշանակում, որ չի վերանայվում: «Մեր մեջ կան մարդիկ, ովքեր կարող են առաջնորդ լինել»,- հայտարարել է նա:
2012 թվականի ամռանը Պաղեստինի ինքնավարությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց «ՀԱՄԱՍ»-ը մտադիր է մասնակցել: Ավելին, Ալ-Զահարը վստահորեն հայտարարել է ընտրություններում շարժման հաղթանակի մասին:
«ՀԱՄԱՍ» շարժումը բոյկոտել էր 1995 և 2005 թվականների ընտրությունները: 2005 թվականի ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տարել «ՖԱԹՀ» շարժման առաջնորդ Մահմուդ Աբասը: Հաշվի առնելով, որ 2012 թվականին Աբասը մտադիր չէ մասնակցել ընտրություններին, «ՖԱԹՀ»-ը կարող է առաջադել Մարվան Բարգուտիին: Այժմ, սակայն, նա նստած է իսրայելական բանտում, և դեռ հայտնի չէ, արդյոք կարողանալո՞ւ է մասնակցել ընտրություններին:









































