Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային՝ կապված նրա դիվանագիտական գործունեության ավարտի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Աբիևը բարձր է գնահատել Մեթյու Բրայզայի դիվանագիտական գործունեությունը։
Հիշեցնենք, որ երեկ Բրայզան հերթական անգամ ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով։








































