Այսօր տեղի ունեցան «Հայփոստ» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Ծովագյուղ գյուղերի, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքների փոստային մասնաճյուղերի և բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունները:
Բացման արարողություններին ներկա էին համայնքների ներկայացուցիչներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմը, ինչպես նաև՝ տեղի բնակիչներ:
Նորացված փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության և ազդանշանային համակարգերով, տեսագրային սարքավորումներով: Բաժանմունքներում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն:
«Առաջին լրատվական»-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Վարդենիկի, Ծովագյուղի, Հրազդանի և Չարենցավանի բնակիչներին:
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել է 104-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:











































