Հնդկաստանի հյուսիսարևմտյան Ռաջասթհան նահանգում արդեն հինգ օր է՝ գործադուլ են անում ավելի քան 3500 բժիշկներ՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Ինչպես հաղորդում է IANS գործակալությունը, այդ ընթացքում մահացել է առնվազն 40 հիվանդ:
Բացի այդ, գործադուլին մասնակցում են պայմանագրով աշխատող շուրջ 20 հազար բուժաշխատողներ: Նրանք պահանջում են տեղի իշխանություններից կատարել անցյալ տարի տված խոստումները և իրենց ընդունել որպես հաստիքային աշխատողներ:
Այս պահին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու օրենքը խախտելու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 400 բժիշկ:
«Մենք բանակցություններ ենք վարում գործադուլ անող բժիշկների հետ: Ամենայն հավանականությամբ, շուտով խնդրի լուծում կգտնվի»,- հայտարարել է նահանգի առողջապահության բաժնի ներկայացուցիչը:
Գործակալությունը հայտնում է, որ իրադրությունը գյուղական վայրերում ավելի վատ է, քան քաղաքներում. գյուղերում ընդհանրապես աշխատող բժիշկ չի մնացել:
Շաբաթ օրը Հնդկաստանի առողջապահության նախարարությունը առողջապահության տեղի բաժնին կարգադրել է հիվանդներին օգնություն ցուցաբերել ֆիքսված գներով: Բացի այդ, երկրի կառավարությունն օգնության է կանչել բանակի, սահմանային ծառայությունների և երկաթուղային վարչության բժիշկներին:









































